Հարկադիրի աշխատակիցներին սպասում է կամ Մատթեոսի, կամ Հուդայի ճակատագիրը: Այլ կերպ ասած` վերջիններս կամ կնզովվեն, կամ կսրբացվեն:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը շուտով մեծ շուքով կմտնի նոր ոլորտ:
Դատարանները սկսել են զբաղվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործերով և, ըստ այդմ, բեկանում են կաթողիկոսի որոշումները: Տրամաբանական է, որ Հարկադիրը պարտավոր է կատարել դատարանների վճիռները: Ստացվում է` շուտով Հարկադիրի աշխատակիցները (պայմանական թորոսյանարմենները) գնալու են Եկեղեցու տարբեր թեմեր` կաթողիկոսի որոշումներով թեմակալ առաջնորդների պաշտոններից ազատված, ինչպես նաև կարգալույծ անձանց «օրենքի ուժով» իրենց նախկին դիրքերում վերականգնելու նպատակով:
Փաստորեն, Հարկադիրը ևս խառնվելու է Աստծո գործերին:
Մինչ Հիսուսին հետևելը Մատթեոսը աշխատում էր որպես հռոմեական իշխանության հարկահավաք, ինչի պատճառով հասարակության մեջ համարվում էր մեղավոր ու արհամարհված։ Հիսուսը նրան կանչեց հետևել Իրեն, և Մատթեոսը թողեց ամեն ինչ ու դարձավ առաքյալ։
Մատթեոսի օրինակով Հարկադիրի աշխատակիցները կարող են ապաշխարհել և սրբանալ, սակայն կարող են նաև Հուդայի նման «անիծված լինել դարերի ընթացքում»՝ որպես դավաճանության խորհրդանիշ։
Եվ այսպես` Մատթեո՞ս, թե՞ Հուդա:
Հետևեք իրադարձությունների զարգացմանը և իրազեկված եղեք:
Կարեն Հեքիմյան